Logo
  • +374 99 01 15 20
    +374 312 6 55 59
  • ՀՀ, Շիրակի մարզ, ք․ Գյումրի,
    Չերքեզի Ձոր, Կարմիր բերդ 1
  • +374 99 01 15 20
    +374 312 6 55 59
  • ՀՀ, Շիրակի մարզ, ք․ Գյումրի,
    Չերքեզի Ձոր, Կարմիր բերդ 1

Մեր մասին

Համեցե՛ք Գյումրու գողտրիկ անկյուներից մեկը՝ Չերքեզի Ձոր ռեստորանային համալիր 

Մեր մասին

    Գյումրեցիների համար Չերքեզի Ձորը միշտ եղել է յուրօրինակ հանգստի գոտի, որտեղ միշտ քաղաքի հյուրասեր բնակիչներն իրենց մտերիմների և հարազատների հետ այցելել են և ժամանակ անցկացրել: Այն ունի նաև պատմական մեծ նշանակություն: Դեռ ցարական Ռուսաստանի ժամանակ այստեղ հիմնվել է Կարմիր Բերդը, որը բերդաքաղաքին բնորոշ լուծումներով ռազմական նշանակության պաշտպանական համալիրի մի մաս է իր բոլոր ենթակառուցվածքներով: Դրանցից որոշները մինչ օրս պահպանվել են և կազմում են տարածքի ճարտարապետական հատվածի հիմնական մասը: Չերքեզի Ձորը առանձնանում է նաև սառնորակ բնական աղբյուրներով, որոնք բխում են և ձևավորում են Ձորի գետակը:
    1988թ ավերիչ երկրաշաժից հետո ձորը կորցրեց իր վաղեմի նշանակությունը և դարձավ լքված, շինարարական աղբով լի մի ամայի տարածք: 1999թ մասնագիտությամբ ճարտարապետ, գործարար Հմայակ Գեւորգյանը գյումրեցուն բնորոշ պատվախնդրությամբ որոշեց վերադարձնել տարածքի վաղեմի տեսքը և այն նորից դարձնել իր համաքաղաքացիների սիրված վայրը: Նա հիմնեց «Խայծ Իշխան» ընկերությունը և իր գործընկերների հետ ազատագրելով տարածքը աղբից, վերականգնելով պատմաճարտարապետական նշանակության կառույցները, քարը քարին դնելով և օգտագործելով սառնորակ աղբյուրները ստեղծեց ավազաններ, որտեղ սկսեցին ձկներ աճեցնել: Կենդանի ձուկը ավազաններից տարվում էր շուկա: Մարդիկ տարակուսանքով էին մոտենում, բայց կարճ ժամանակ անց Գյումրիում տարածվեց Չերքեզի Ձորի ձկան համբավը: Մարդիկ սկսեցին ձուկը գնել անմիջապես ձկնաբուծարանից: Քանի որ տարածքը արդեն մաքրվել էր, ստացել իր վաղեմի տեսքը՝ գյումրեցիները սկսեցին ընտանիքներով այցելել Չերքեզի Ձոր, ժամանակ անցկացնել, հանգստանալ և  ձկնաբուծարանից ձուկ պատվիրել: Ձորը վերագտավ իր նախկին համբավը, դեռ ավելին, գյումրեցիներն այն կնքեցին Ձկան Ձոր: Քրտնաջան աշխատանքով, օր օրի ուսումնասիրելով բիզնեսի վարման նոր մոտեցումները Ձկան Ձորը դարձավ ընտանեկան հանգստի  բացառիկ մի գոտի, որը վաղուց արդեն դուրս է եկել Գյումրիի սահմաններից և ցանկալի վայր է բոլորի համար, հատկապես, մեր երկրի հյուրերի համար: «Չերքեզի Ձոր» ռեստորանն՝ իր փորձառու խոհարարների ու մատուցողների կազմով, միաժամանակ կարող է սպասարկել 600 հաճախորդի՝ առաջարկելով ձկան բազմազան տեսականի՝ թառափ, Սևանի իշխան, ծիածանային իշխան, սպիտակախայտ, կարմրախայտ, որոնք մատուցվում են խաշած կամ թոնիրում խորոված ձեւերով։ Մատուցվում է նաեւ իշխանի ձկնկիթ՝ դեղին, կարմիր, նարնջագույն։ Ընկերության հպարտությունը իշխանի ձկնկիթն է, որը հայտնի է «Չերքեզի Ձոր» ապրանքանիշով։ Ռեստորանն ունի նաեւ հացի արտադրություն։ Շիրակի դաշտավայրի կարմրահատ ցորենից թխված լավաշն ու բոքոնը, տարեկանի հացն էկոլոգիապես մաքուր կերակրացանկի կարեւոր բաղադրիչներն են։ Իսկ ձորի բարձունքներից հավաքված ուրցի ու դաղձի թեյը, որ մատուցվում է բնական մեղրով կամ ձորի չիչխանից պատրաստվող մուրաբայով, ամբողջացնում է համային զգացողությունը։

-    Այս ամենը դեռ մեր մտահղացումների ընդամենը 10% -ն է, դեռ շատ անելիքներ ունենք: Կամաց-կամաց ընդլայնելու ենք մեր գործունեությունը, դարձնելով Չերքեզի Ձորը ժամանակակից էկոտուրիզմի, գյուղական տուրիզմի և ժամանցի կենտրոն: Դա մի առաքելություն է, որ մենք դրել ենք մեր առջև, մենք շատ լավ հասկանում ենք որ մենք եթե չանենք, ոչ մեկ մեր փոխարեն չի անելու: Մենք ենք մեր երկիրը զարգացնելու, առաջ տանելու: Բնությունը և պատմությունը որքան էլ որ դաժան է եղել մեր ժողովրդի հանդեպ, նաև հսկայական ժառանգություն է թողել մեզ, որը մեր բնական հարստությունն է:

Համեցեք, համտեսեք կարծում եմ Ձեզ հետաքրքիր  կլինի առնչվել Շիրակի դաշտավայրի ժողովրդական խոհանոցային մշակույթին և Գյումրու ավանդույթի մաս կազմող մեր առօրյային:

 

                                                                                                                                                                                         Հմայակ Գևորգյան